ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Կերպարվեստի հերթական տոնը

Կերպարվեստի հերթական տոնը
16.06.2017 | 11:50

Այս խորագրի ներքո մայիսի 30-ին Հայաստանի նկարիչների միության ցուցահանդեսային համալիրի 1-ին և 2-րդ հարկերի դահլիճներում բացվեց միության գեղանկարչական բաժնի անդամների անդրանիկ ցուցահանդեսը: Արվեստասերների դատին էր ներկայացված հարյուրից ավելի հեղինակների 135 ստեղծագործություն: Անշուշտ, ձեռագրերի, վրձնահարվածների և ներկապնակների մի ամբողջ համաստեղություն էր ներկայացված, երեք (եթե ոչ ավելի) սերունդների աշխատանքներ, կերպարվեստի ոլորտում առաջին լուրջ հայտը ներկայացրած երիտասարդ գեղանկարիչների կողքին «մրցասպարեզում» էին դեռ 60-70-ականներին կայացած վարպետները: Ավագագույնը Արմեն Աթայանն էր, որ թևակոխել է կյանքի 96-րդ տարին և ցուցադրում էր «Եղրևանի» աշխատանքը:


Անկասկած, այնքան էլ շնորհակալ գործ չէ հանրապետական ցուցահանդեսի մեկնաբանումը: Այս գործը պետք է նախաձեռնեին միության արվեստաբանական բաժնի անդամ-արվեստաբանները: Նրանք, ցավոք, ինչ-ինչ սուբյեկտիվ հանգամանքների պատճառով երես են թեքել Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվող ցուցահանդեսներից: Տողերիս հեղինակին մնում է իր տպավորությունները կիսել մեր արվեստասեր ընթերցողների հետ, ընդամենը շարակարգելով ամենատպավորիչ աշխատանքներն ու դրանց հեղինակներին: Այնինչ արվեստաբանի գրիչն այս աննախադեպ ցուցահանդեսում պետք է հայտնաբերեր նորն ու արժեքավորը, կերպարվեստի ամենագունեղ ոլորտում առկա զարգացումները, ստեղծագործողների նախընտրությունները, բացթողումներն ու նվաճումները, նաև այն, թե մեր հեղհեղուկ, միաժամանակ հերոսական օրերն ինչ ուղղակի և անուղղակի ձևով են տեսնում տվյալ ժամանակաշրջանում ապրող-արարող գեղանկարիչները, ինչպիսի տագնապներ և հույսեր են արտացոլված նրանց աշխատանքներում: Ի վերջո, արվեստագետը ենթագիտակցորեն հաճախ է տեսնում գալիք օրերը և այն պատկերում է իր վրձնահարվածներով: Միով բանիվ պետք է հուսալ և սպասել, որ մի գեղեցիկ օր արվեստաբանի ոտքը կհատի ցուցասրահի շեմը և կարճ ժամանակ անց վերլուծական նյութը բազում հարցերի պատասխաններ կհնչեցնի...

Ներկայացնեմ այն կտավները, որոնց առջև կանգնել-մտորել եմ. «Առանց անվանման» (Ռոբերտ Էլիբեկյան), «Կարմիր արվեստանոց N2» (Խաչատուր Ազիզյան), «Այլախոհները» (Տիգրան Բաղդասարյան), «Տեսարան Շուշիից» (Համլետ Ասատրյան), «Լոգանքից հետո» (Կարեն Աղամյան), «Այրիվանք» (Արտյուշա Ավետյան), «Ծովանկար» (Վարդգես Գուլիկյան), «Մոդել N15» (Յուրա Հարությունյան), «Նատյուրմորտ» (Վահագն Գալստյան), «Գարուն» (Արթուր Հովհաննիսյան), «Աշուն» (Անդրեյ Շուգարով), «Դիլիջան» (Ավետիք Հարությունյան), «Բնանկար» (Գևորգ Սահակյան), «Աշունը, թռչունը, սերը» (Արփի Վարդանյան), «Մեկ բաժակ գինի» (Սվետլանա Սարգսյան), «Ծաղկած խոլորձ» (Արմինե (Մանոն) Ավետիսյան) և այլն:
Ցուցահանդեսում մի միտք էր ինձ տանջում (այո, հենց այսպես, տանջում), ահա կերպարվեստի հերթական տոնը այցելեց Երևան՝ Աբովյան 16, Հայաստանի նկարիչների միություն: Եվ անմասն մնաց երկրի իշխանությունների, կառավարության և գործարար աշխարհի ուշադրությունից: Ինչո՞ւ, հանուն ինչի՞, ու մի՞թե մեր վերին ատյաններում չեն մտահոգվում, թե իրականում ինչպես է ապրում հայ նկարիչն այսօր, ինչ հույսեր ունի նա և ինչպիսի ակնկալիքներ իր ժամանակից և իր անկախ երկրից: Այնինչ խորհրդային տարիներին նկարիչն ապահովված էր թե՛ բարոյապես, թե՛ նյութապես: Իսկ նկարիչների միությունը այն կառույցն էր, որը, ըստ էության, տնօրինում էր կերպարվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը: Գործում էր պետպատվերի ինստիտուտը: Եթե վերոնշյալ ցուցահանդեսը կայանար խորհրդային տարիներին, ապա պետությունը կգներ ներկայացված 135 աշխատանքները:


Մի խոսքով, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահները սպասում են արվեստաբաններին, սպասում են պետական այրերին, սպասում են գործարար աշխարհի ներկայացուցիչներին:

Նաև սպասում են հեռուստաընկերություններին: Առայժմ միայն «Շողակաթ» հեռուստաընկերությունն է անդրադառնում նկարիչների միությունում պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսներին: Բայց չէ՞ որ ժամանակակից հայ կերպարվեստը հիմնականում միավորված է Հայաստանի նկարիչների միության կազմում, որը շուրջ 1000 ստեղծագործող անհատականությունների հանգրվան է:
Եվ այս ահռելի ներուժը փակ շրջանի մեջ է: Նկարիչն ու քանդակագործը իրենց ստեղծագործությունները ներկայացնում են ցուցադրության, ցուցահանդեսը կայանում է, հետո, ավանդույթի համաձայն, քննարկվում է ցուցահանդեսը նրա մասնակիցների ներկայությամբ: Եվ ստեղծագործությունները վերադառնում են ի շրջանս յուր, արվեստանոցներ: Իհարկե, ՀՆՄ-ն ամենատարբեր պատկերագրքերով հավերժացնում է ցուցահանդեսային գործունեությունը, հանրության դատին և մեր նորանկախ պատմությանը ներկայացնելով հարյուրավոր վարպետների գործեր: Բայց ժամանակը չէ՞, որ պետությունը ռազմավարական մոտեցում ցուցաբերի և ՀՀ-ում ու աշխարհում հանրահռչակի հայ ներկա կերպարվեստը: Առավել ևս, որ ներկա կառավարությունը, ի դեմս ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, խորքային գործընթացներ է ծավալել մշակույթը և արվեստը բիզնես-հետաքրքրությունների տիրույթում ներգրավելու համար: Ինչպես գիտենք, առայժմ մշակույթի հարգարժան նախարարը մեծ ջանքեր է ներդնում, ի մասնավորի՝ օպերային թատրոնում ռեստորանային մշակույթ հիմնադրելու շուրջ: Սակայն չէ՞ որ կերպարվեստն ինքնին հսկայական բիզնես-աշխարհ է, որտեղ ահռելի գումարներով իրացվում են համաշխարհային կերպարվեստի հռչակավոր և ոչ այնքան ճանաչված հազարավոր գործեր:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ